Էլեկտրոնային գրի մշակույթի մասին. անդրադարձ

Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը  օգոստոսի 1-ի գրում այսպիսի մանկավարժական հարց-խնդիր-պատվեր է առաջադրել՝

Ունե՞ն մեր՝ երկրորդ ուսումնական տարին մտնող արդեն վեց տարեկանները էլեկտրոնային գրի մշակույթ, իրենց հասցեագրված նամակը կարդալու ու պատշաճ արձագանքելու հմտություններ։ Կիմացվի. հետեւեք իմ գրին։

Ի պատասխան սկսեմ ամենասկզբից` պատմելով մեր մեկամյա փորձի մասին. 2016-2017 ուստարվա վեց տարեկան առաջին դասարանցիների, ծնողների, ընտանիքի հետ կապը ապահովվում էր հիմնականում դասավանդողի բլոգի միջոցով (այս մասին մանրամասն պատմել եմ հոդվածում): Մինչև սեպտեմբերի 15-ը բոլոր սովորողների համար բացվեցին էլեկտրոնային հասցեներ Email@mskh.am համակարգում: Կարծում եմ՝ դրանք կարելի է ավելի շուտ բացել ու ամառային ճամբարի ընթացքում գործածել-ակտիվացնել: Կարևոր է, որ այն ընտանիքում գործածվի՝ ապահովելով դպրոցի, ուսուցչի միջև կապը: Կարևոր է, որ ուսուցչի նամակները, որոնք հասցեագրված են սովորողին գրվեն ուղղված սովորողին ու ծնողներին խնդրել, որպեսզի այդ նամակը ընթերցեն սովորողի համար ու նրա պատասխանը գրավոր տեսքով փոխանցեն: Այսպիսի օրինակներ կրթահամալիրում կան:

Էլեկտրոնային փոստը բլոգ տանող-բերող ճանապարհներից էր: Ուսումնական առաջին շրջանում այն գործածում էին ծնողները՝ տեղեկատվություն ստանալու-փոխանցելու նպատակով: Աստիճանաբար, երբ սովորողները սկսեցին կարդալ-գրել (այս մասին նույնպես մանրամասն պատմել եմ հոդվածում) ծնողներին խնդրեցի, որպեսզի սովորողների անհատական գործիքներում բացված լինեն էլեկտրոնային փոստերը, որոնք սովորողները կիրառում էին առաջադրանքի պատասխանը ուղարկելու համար (հիմնականում կցում էին նկար կամ ms word` ավելի քիչ): Այստեղ սկսել էի կիրառել նաև գուգլ ձևաթղթով պատրաստված (google forms) առաջադրանքները:

Էլեկտրոնային փոստը ուսումնական  երրորդ շրջանում կիրառելի էր որպես կատարված աշխատանքների փոխանցման միջոց-հարթակ, որին մասնակցում էին ծնողներն ու սովորողները:

Սովորողները ավելի քիչ են նամակ-տեքստ գրել-փոխանցել, փոխարենը կցել են իրենց արված նկարը, հորինած միտքը: Թեև, Վաչեն Հովհաննիսյան էլեկտրոնային նամակագրության ինքնուրույն փորձ ունի, և իմ գրած մի շարք նամակների պատասխանել է ինքնուրույն՝ առանց մայրիկի օգնության-միջամտության: Ի պատասխան ստացել է իմ ոգևորություն-արձագանքը:

Ահա մեր նամակագրությունից որոշ հատվածներ՝

Ամփոփելով կարող եմ ներկայացնել այն ուղին,  քայլերը, որոնք էլեկտրոնային գրի մշակույթ կձևավորեն սկսած վեց տարեկաններից՝ նպաստելով գրավոր ու բանավոր խոսքի զարգացմանը՝

  • էլեկտրոնային գրի մշակույթ պետք է ձևավորված լինի  նախ՝ ուսուցչի ու այնուհետև՝ ծնողի մոտ:
  • Սովորողին ուղղված նամակները պետք է ուղիղ հասցեագրված լինեն սովորողին: Բացի ընդհանուր, դասարանային նամակներից, թող սովորողները ստանան անվանական նամակներ՝ ուղղված միայն իրենց: Սկզբանական շրջանում, երբ սովորողը դեռ չի գրում ու կարդում, այն կարող է անել ծնողի օգնությամբ: Ծնողի հետ միասին ընթերցում են նամակը, այնուհետև սովորողի բանավոր պատասխանը ծնողը մուտքագրում-փոխանցում է ուսուցչին:
  • Հաջորդիվ սովորողը կարող է ինքնուրույն փոխանցել իր համակարգչում արված աշխատանքերը՝ օգտագործելով պատասխանել, կցել, ուղարկել էլեկտրոնային փոստի գործառույթները:
  • Կարող է սկսել էլեկտրոնային նամակագրություն իր նախընտրելի մարդկանց հետ:
  • Կարևոր է նամակների գրագիտությունը, բովանդակությունը: Այն ստեղծականության, ինքնուրույնության, ինքնարտահայտման ևս մի հետաքրքիր հարթակ-աստիճան կդառնա:

 

Advertisements