Ճամբարային պատկերապատումներ

Լողափային ճամբար. օգոստոսի 14-18

Օր առաջին

Առավոտյան հանդիպմանը ծանոթացանք, խաղացինք «Բարի լույս, ես… եմ», իրար նվիրեցինք բառեր, որոնք կապահովեին լավ տրամադրությունը ողջ օրվա ընթացքում:

Հետո խաղացինք ազգային խաղ` «Ասեղ, թել,հանգույց»:

Մարզվեցինք, արթնացրեցինք մեր մարմինը, հետո մաքրեցինք մեր շրջակա տարածքը:

Ընկեր Մարինեի հետ նոր պարերգ սովորեցինք`«Հոպ Մարալ», երգեցինք մեր սիրելի «Իմ փոքրիկ նավակ» երգը:

Ընկեր Լիլիթի ու ընկեր Անահիտի հետ ծանոթացանք ու խաղացինք ռուսերենով ու անգլերենով:

Օրը տոնական էր, քանի որ ճամբարական Հովիկի ծննդյան օրն էր: Հովիկի 8-րդ տարեդարձը միասին նշեցինք, շնորհավորեցինք:

Լողալուց, համեղ ընդմիջումից հետո մուլտֆիլմ դիտեցինք, որը պատմում էր Հին Եգիպտոսի մասին: Հետո շախմատ խաղացինք, հեծանիվ վարեցինք:

օր երկրորդ

— Բարի լույս, ես ճամբարում եմ,- ու օրը սկսեցինք մեր նոր ճամբարականների հետ ծանոթանալով, որից հետո մաքրեցինք մեր շրջակա տարածքը, հետո խաղացինք «Աղջիկ փախցնոցի», մարզվեցինք ու առավոտյան համեղ նախաճաշից հետո ճանապարհ ընկանք դեպի Հյուսիսի դպրոց՝ կավագործության:

Հյուսիսային դպրոցում աշխատեցինք ընկեր Արթուրի հետ. մի խումբ ճամբարականներ ավարտեցին իրենց կիսատ աշխատանքները, մյուսները նոր կավե առարկաներ պատրաստեցին: Հյուսիսի ճամբարականների հետ խաղացինք ավազադաշտում, որից հետ ընկեր Մարիամի հետ հետաքրքիր ու տրամաբանական խնդիրներ էինք լուծում:

Վերադարձանք Արևելք, լողացինք, համեղ ճաշեցինք ու ընկեր Անահիտի հետ լողափային մնջախաղի մասնակցեցինք ռուսերենով, հետո էլ իրար շարունակելով հեքիաթ պատմեցինք: Հետո էլ մուլտֆիլմ դիտեցինք, որը պատմում էր Հին Բաբելոնի մասին:

օր երրորդ

Առավոտը սկսեցինք մեր շրջակա տարածքի մաքրման աշխատանքներից: Ընթերցեցինք ու քննարկեցինք Ջանի Ռոդարիի «Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա» հեքիաթը: Համեղ նախաճաշից հետո ճանապարհ ընկանք դեպի Արևմուտք՝ Ագարակ:

Ագարակում խնամեցինք ձիերին, թռչունների համար խոտ քաղեցինք-հավաքեցինք, ծանոթացանք Միկի շան հետ:

Վերադարձանք, լողացինք, համեղ ճաշեցինք: Մինչ ճամբարականներն ունկնդրում էին ընկեր Մարինեի դաշնամուրային կատարումները, Ադամը ընկեր Միքայելի հետ վերանորոգում էր հեծանիվները:

Այսօր մեզ նորից հյուր էր եկել ընկեր Անահիտն ու ուրախ ռուսերենը: Միասին մուլտֆիլմ դիտեցինք, քննարկեցիք, ու ուրախ մարզանքով ավարտեցինք: Հետո շախմատ խաղացինք, թանգրամներ հավաքեցինք, որից հետո հեծանիվ քշեցինք:

օր չորրորդ

Օրը սկսեցինք միջավայրի բարեկարգմամբ, մարզվեցինք, հեծանիվ վարեցինք: Անձրևոտ եղանակը մեզ հավաքեց ընթերցասրահում, ընթերցանությունից հետո մուլտֆիլմ դիտեցինք, քննարկեցինք, թե ինչ նոր բան սովորեցինք, իմացանք, որ մինչ այդ չգիտեինք: Նախաճաշից հետո ճամփա ընկանք դեպի Արևելք՝ ջրացատկերի:

Ուրախ ռուսերենից հետո հեծանիվ վարեցինք:

օր հինգերորդ

Առավոտը մարզական էր: Շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքներից հետո մարզվեցինք, հեծանիվ վարեցինք, իսկ Մայր դպրոցում թենիս խաղացինք:

Համեղ ընդմիջումից հետո մասնակցեցինք համերգի: Վերադարձանք Արևելք, արևային ու ջրային լոգանք ընդունեցինք:

Արևելքի ճամբարականների հետ զրուցեցինք ճամբարի մասին, փոխանցեինք մեր ստացած տպավորությունները: Լողափային ճամբարային ռադիոեթեր. լսեք մեզ:

Advertisements