Հովհաննես Թումանյան «Կանաչ ախպեր»

Է՜յ, կանաչ ախպեր,
Է՜յ, ճանաչ ախպեր,
Արի, քեզ հետ բեր
Արևի շողեր.
Բեր անուշահոտ,
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,
Զրնգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն,
Է՜յ, կանաչ ախպեր,
Է՜յ, ճանաչ ախպեր:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfvn8PLXf9MO0T3Yc5Vs6gpvX1VYGSXR7Apl-HxM4v2lG17xQ/viewform

 

Advertisements

Ճամփորդության մասին

28511921_2069462956416317_375820577_nԲարև ձեզ, ես Վաչե Հովհանիսյանն եմ: Փետրվարի 23-ին գնացել ենք Հովհանես Թումանյանի հեքիաթները դիտելու Հենրիկ Մալյանի թատրոնում: Դրանք ութն  էին` «Նեսոյի քարաբաղնիսը», «Խելոքն ու հիմարը», «Բարեկենդանը», «Կացին ախպերը», « Սուտլիկ որսկանը», «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Կիկոսի մահը», «Անխելք մարդը»: Այնտեղ ինձ դուր եկավ «Խելոքն ու հիմարը» հեքիաթը:

Ճամփորդության մասին

28511921_2069462956416317_375820577_nՊատմում է Սուսաննա Աղաջանյանը

Ինչպես միշտ  ճամփորդությունն  անցավ  շատ   ուրախ:  Մենք թատրոնում դիտեցինք   Հովհաննես Թումանյանի  ինը  հեքիաթները: Երբ ներկայացումը ավարտվեց, ուրախ զվարթ վերադարձանք դպրոց: Հետ  գալու ճանապարհին  ամեն մեկս ներկայացրեցինք մեր տպավորությունները:

Հովհաննես Թումանյան. Սուտլիկ որսկանը

Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց ոոգով, թրով-թվանքով որսի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, գնացինք որսի…

Սարեր, ձորեր դուզ գնացինք, որտեղ որս կար՝ սուս ու փուս գնացինք, որտեղ ահ էր՝ կուզ ու կուզ գնացինք…

Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք լիճ. երկուսը ցամաք, մնի մեջ էլ ըսկի ջուր չկա։ Մին էլ, ըհը, մտիկ տանք, որ էս անջուր լճում լողում են, ճչում երեք հատ սպիտակ բադ, երկուսը սատկած են, մինն էլ կենդանի չի։

— Հադի՛, տո՛ւր հա, տո՛ւր։

Թե՝ թվանք չունեմ։

— Հյուդի՛, տո՛ւր հա, տո՛ւր։

— Ես էլ չունեմ։

— Չատի… Մատի…

— Մենք էլ չունենք։

— Բա ի՞նչ անենք…

Հորս ձեռին կարճ ու երկար, հաստ ու բարակ մի փետ կար. երեսն առավ, նշան դրեց, մին էլ տրա՜ք, որ կրակեց… Նա կրակեց, ես զարկեցի, որ զարկեցի՝ փռվեց էսպես՝ ամեն թևը հինգ գազ ու կես…

— Հադի, դանա՜կ…

Թե՝ դանակ չունեմ։

— Հյուդի, դու…

— Ես էլ չունեմ։

— Չատի՞, Մատի՞…

— Մենք էլ չունենք…

Հերս էլ ունի, բերան չունի։

Էս անբերան դանակը քաշեցինք։ Հադին մորթեց, չկարաց. Հյուդին մորթեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս քաշեցի մորթեցի։

Մորթեցի, վեր գցեցի, բադ մի ասիլ՝ մի գոմեշ ասա։ Հադին շալակեց, չկարաց, Հյուղին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս շալակեցի։ Շալակեցի, գնացինք։

Գնացինք, գնացինք, հասանք մի տեղ, մին էլ տեսնենք երեք գեղ, երկուսի տեղն իսկի չի երևում, մնումն էլ իսկի շենլիկ չկա։ Էս անշեն գեղում դես ման եկանք, դեն ման եկանք, մի տուն գտանք, մեջը երեք պառավ, երկուսը մեռած, մինի բերանումն էլ շունչ չկա։

— Տղերք, ասինք, եկեք բադով փլավ անենք։

Էս անշունչ պառավը գնաց դես ման եկավ, դեն ման եկավ, կես բրինձ գտավ, երեք պղինձ, երկուսը ծակ, մինն էլ իսկի տակ չունի։

Ջուրը լցրինք էս անտակ պղինձը, մեջը ածինք բադն ու բրինձը, անկրակ եփեցինք։ Եփեց, եփեց, միսն ու բրինձը գնացին, մնաց ջուրը։

Որսից եկած սոված մարդի՜կ, վրա եկանք, կերա՜նք, կերա՜նք, ոչ աչքներս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ։

Իսկ հիմա փորձի՛ր պատասխանել հարցերին:

  1. Հեքիաթը պատմի՛ր ըստ տրված վերնագրերի՝
  • Գնացինք որսի
  • Երեք բադ
  • Երեք պառավ
  • Բադով փլավ

2. Անշունչ պառավի անունից շարունակի՛ր պատմել «Սուտլիկ որսկանը»:

Մեր անշեն գյուղում երեք պառավ ենք ապրում. երկուսը՝ մեռած, իմ բերանում էլ ըսկի շունչ չկա: Մի իրիկուն, որ առավոտ էր, մեր գյուղ եկավ վեց սուտլիկ որսկան, հինգը….

3. Google drive հարթակում կատարի՛ր առաջադրանքները՝

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf4UJOXPavf7WGsHJOrOT3vzhZLtYIE3THo1kC5HqYxBL1RWw/viewform