Հովհաննես Թումանյան. ստեղծագործություններ

d4b9d5b8d682d5b4d5a1d5b6d5b5d5a1d5b6Հովհաննես Թումանյան  «Էս էն է» խաղ-ներկայացում

Թումանյանը երկրորդ դասարանում. ընթերցանության ֆլեշմոբ

Ստեղծագործություններ երրորդ դասարանում

ԹՌՉՈՒՆԻ ՄՏԱԾՄՈՒՆՔԸ

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,
Կեղևը կապույտ։

Նրանից հետո աչքս բաց արի
Մի փոքրիկ բնում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բնից գլուխս հանած,

Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վրեն։

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գնում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։

ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմկում, անվերջ փրփրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,
Մի գորշ խրճիթում,
Մի հին խրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տղան,
Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գնամ շրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,
Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խրճիթից,
Էս հին խրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տղան,
Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խրճիթը,
Էն հին խրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գտա՞ր, զավա՛կս», հարցրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տղի վրա։
«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն Է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

ՄԱՆՈՒԿՆ ՈՒ ՋՈՒՐԸ

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լվացել,
Լվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է խոսել էսպես.
-Դու ո՞ր սարեն կուգաս, ջրիկ,
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
-Ես էն սարեն կուգամ մթին,
Որ հին ու նոր ձյունն է գլխին։
-Դու ո՞ր առուն կերթաս, ջրիկ,
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
-Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։
-Դու ո՞ր այգին կերթաս , ջրիկ,
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր, մեջն՝ այգեպան։

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԱՌԱՎՈՏ

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով:
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով:
-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Սև սարեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:
Երգ ու բույր խառնած,
Թև-թևի բռնած
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում,
Ինչպես թիթեռներ:

-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Լավ օրեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած
Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

ԿՈՒՅՐԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ

Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փղին դեմ ընկան։
Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,
-Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
-Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել.
-Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։
Մինչդեռ չորրորդը պոչիցը բռնած
Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.
-Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։
Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։
Չէ՛, պատ է, -չէ, կոճղ -չէ, օձ է, -չէ, թոկ…
Ու աղմկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կրկին-
Սարի պես փիղը պարզ լուսի տակին։

ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ

I

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխս մրսեց, ի սեր աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մնա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վրա թնդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հլա նոր եմ
Ցրցամ տըվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գնամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գնաց, եկավ,
Ուստա Կատուն կոտրն ընկավ,
Գլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

IV

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մտքում հլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցրցամ տըվել, թե որ կարեմ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s