Ծաղկային ճակտնոցներ Համբարձման տոնին

32739193_1802938293092377_6636633931644928000_nՄայիսյան 13-րդ հավաքի չորրորդ օրը՝ մայիսի 17-ին, Արևելյան դպրոցի լանջերին նշում էինք Համբարձման տոնը: Մինչ այդ ընթերցել էինք տոնի մասին, պատրաստել էինք ծաղկե ճակտնոցներ, սովորել էինք տոնական պարերգերը:

Advertisements

Համբարձման կամ Ջանգյուլումի տոն

fe997e23-9deb-4148-839d-e634f4ffb000Համբարձման օրը ջրի ու ծաղկի տոն է: Տոնը ունի ուրիշ անուն էլ: Նրան ասում են Վիճակի տոն, Ջանգյուլում:  Այդ օրը աղջիկների յոթական խմբերը դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու: Նրանք ծաղիկներից բացի, փարչի մեջ հավաքում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղկից յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար: Ամբողջ ընթացքում նրանք պիտի լուռ մնային: Ծաղիկները հավաքելուց հետո միայն աղջիկներն սկսում էին խոսել միմյանց հետ, երգել և ծաղկեպսակներ սարքելու ողջ ընթացքում ամենուր հնչում էր նրանց երգը:

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան

Զուգել են հանդեր նախշուն գորգերով:

Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան

Վիճակ հանելու աշխույժ երգերով:

Պատրաստվում էին հարյուրավոր ծաղկեփնջեր: Վերջում պատրաստում էին ամենամեծ ծաղկեփունջը` Ծաղկամերը, որը դրվում էր պուլիկի մեջ:

Համբարձումը տոնում են մայիս ամսին՝ ծաղկունքի մեջ: Վիճակի խաղ էին խաղում: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում են երգերով, կատակներով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում:

Վիճակի խաղիկներ 

Վիճակը հանելու մանիներ

Տեսեք վիճակն ինչ կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Սրտի ուզածըն ինչ ի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն

Սարերով ցորեն կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Արտերով գարի կուզի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Մեր վիճակը ինչ կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Օսկի մատանի կուզի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճակ, վիճակ դուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Էս ինչ բարի բախտ ելավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճկի վրեն լուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Էս ինչ սիրուն բախտ ելավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճակ, վիճակ դուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Վիճկի վրեն լուս էլավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Այդ գիշեր մի պահ կանգ է առնում տիեզերքի անիվը:

Բուն Համբարձման գիշերը զարմանահրաշ գուշակությունների, կախարդանքների գիշերն է: Դա հրաշքների գիշեր է. կեսգիշերին բնությունը լեզու է առնում: Հինգշաբթի գիշերը ջրերը մեկ րոպե կանգ են առնում, քարերը, ծառերն ու ծաղիկները լեզու են առնում, միմյանց հետ խոսում, գաղտնիքներ հաղորդում: Այդ գիշեր նրանք ասում են, թե իրենք որ հիվանդություններն են բուժում: